Գուտերեշը կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհի զարգացման երկու հնարավոր սցենար է նշել

09:58   07 Հուլիս 2020    202

Կորոնավիրուսի համավարակը խորացրել է անհավասարության հետ կապված առանց այդ էլ բարդ իրավիճակը ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջև հարաբերություններում։

Համավարակի ավարտից հետո աշխարհը կունենա հետագա զարգացման միայն երկու սցենար։ Այս մասին Aftonbladet-ի համար հրապարակված հոդվածում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Հոդվածում Գուտերեշը նշել է, որ թեև անհնարին է կանխատեսել ապագան, նա համավարակի ավարտից հետո աշխարհի զարգացման միայն երկու հնարավոր սցենար է տեսնում՝ լավատեսական և հոռետեսական, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ այդ ուղիներից վատագույնը ենթադրում է գլոբալ դեպրեսիա, որն ուղեկցվելու է սեգրեգացիայով և այլատյացությամբ։

«Եթե այդ սցենարը կյանքի կոչվի, մենք կտեսնենք, թե ինչպես են սաստկանում սեգրեգացիան, պոպուլիզմը և այլատյացությունը։ Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կգործի կամ այսպես կոչված կոալիցիաներում, որոնք ցանկանում են համագործակցել միայն որոշ կոնկրետ խնդիրների շուրջ», - նկատել է նա:

Լավատեսական սցենարն էլ ենթադրում է համընդհանուր վերականգնման և զարգացող պետություններին օգնություն տրամադրելու հաջող ծրագիր։

Նրա խոսքով՝ այդ սցենարի կյանքի կոչմանը կօգնեն առաջիկա ինը ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ և մատչելի պատվաստանյութի ի հայտ գալը։

«Եթե դա տեղի ունենա, իսկ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվի, մենք կսկսենք շարժվել ճիշտ ուղղությամբ և երկու-երեք տարի հետո ինչ-որ չափով կվերադառնանք նորմալ վիճակին»,- նշել է Գուտերեշը:

Գուտերիշի խոսքով՝ առայժմ դժվար է հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվում աշխարհը, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել առաջին սցենարից խուսափելու և երկրորդ սցենարով շարժվելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները