Մեծ Բրիտանիան առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ

11:57   07 Հուլիս 2020    283

Մեծ Բրիտանիան առաջին պատժամիջոցներն է կիրառել ռուսաստանցիների դեմ սեփական «Մագնիտսկու ակտի» շրջանակներում:

Սեւ ցուցակում հայտնվել են նրանք, ում Լոնդոնը մասնակից է համարում մարդու իրավունքների ոտնահարմանը: Այժմ նրանց արգելվելու է մուտք գործել երկիր, եւ նրանց ակտիվներն այնտեղ սառեցվելու են, հայտնում է Forbes-ը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների, այդ թվում նաեւ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Սահմանափակումները մտցվել են այսպես կոչված «Մագնիտսկու օրենքի» բրիտանական վարկածի շրջանակներում, որն ընդունվել էր ԱՄՆ-ում 2012 թվականին: Այն անվանվել է Hermitage Capital ներդրումային հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու անունով, ով մահացել է 2009-ին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում:

Ցուցակում ընդգրկված է ընդհանուր 47 մարդ, այդ թվում 25-ը՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ: Ցաննկում ընդգրկված են ռուսներ, ում Բրիտանիան մասնակից է համարում Մագնիտսկու մահվանը: Նրանց թվում են Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը, Մոսկվայի Տվերի դատարանի դատավոր Ալեքսեյ Կրիվորուչկոն, ով 2009-ին երկարաձգել էր աուդիտորի բանտարկության ժամկետը։

Պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում: Պատժամիջոցների տակ հայտնվածներին արգելվելու է մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները երկրում սառեցվելու են: «Մագնիտսկու օրենքը» տարածվում է ոչ միայն ռուսների, այլեւ այլ երկրների քաղաքացիների վրա: Այդպես, ցանկում ներառվել են Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիները, ում Լոնդոնը ներգրավված է համարում սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությանը։

Բացի այդ, ցանկում ներառված են Հյուսիսային Կորեայի պետական ​​անվտանգության նախարարությունը եւ սոցիալական ապահովության նախարարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները