Մոլդովայի նախագահը կոչ է արել պատգամավորներին «չփչացնել» քաղաքացիների կյանքը

15:53   08 Հուլիս 2020    215

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր պաշտոնավարման 3,5 տարվա ընթացքում ամենաշատ ափսոսանք է առաջացնում այն, որ առաջին 2,5 տարվա ընթացքում «դաժան պայքար էր ընթանում նախագահության և օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին ենթարկվող քաղաքական ինստիտուտների միջև»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է eadaily.com կայքը:

Դոդոնը խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես նախկին վարչապետ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» և Անդրեյ Նեստասեի «Արժանիքի և ճշմարտության հարթակ» խմբակցություններին կոչ է արել մի կողմ դնել սեփական հավակնություններն ու մտածել մարդկանց մասին, որոնք սպասում են աշխատավարձերի բարձրացման և լրացուցիչ ֆինանսական օգնության:

Երկու խմբակցությունները աջակցել էին Անդրիան Կանդուի Pro Moldova խմբին և «Շոր» խմբակցությանը` երկու շաբաթվա մեջ երեք անգամ բոյկոտելով բյուջետային օրենքների փաթեթի ընդունումը, որի պատասխանատվությունը կառավարությունն է կրում: Այս կուսակցությունները պահանջում են երկրի վարչապետ Իոան Կիկուի հրաժարականը` նշելով, որ օրինագծերը պետք է պատգամավորների կողմից մանրամասն ուսումնասիրվեն:

Իգոր Դոդոնը խոստացել է, որ չնայած մի շարք խորհրդականների դրած արգելքին, ինքը որպես նախագահ ամեն ինչ անելու է, որ գումարները հասնեն քաղաքացիներին:

Ճգնաժամը հաղթահարելու և կառավարության աշխատանքի կասեցումը դադարեցնելու համար Մոլդովայի նախագահը Սանդուին և Նեստասեին հրավիրել է բանակցությունների` փոխզիջումների հասնելու նապատակով:

«Ես եկել եմ կոչով. Մի կողմ թողեք հավակնությունները: Մարդիկ ձեր հավակնությունների պատճառով տառապում են: Նրանք դիտում են այս շոուն ու իրենք իրենց հարց են տալիս՝ ես ի՞նչ մեղք ունեմ: Եթե դուք մի կողմ դնեք ձեր հավակնությունները և սկսեք մտածել մարդկանց մասին, ապա խնդիրը շատ արագ կլուծվի»,-ասել է Մոլդովայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները