«Իրանին չի կարելի կանգնեցնել, բայց կարելի է զսպել». «Մոսսադ»-ի նախկին ղեկավարը

17:33   08 Հուլիս 2020    307

Իսրայելի քաղաքական հետախուզության՝ «Մոսսադ»-ի նախկին ղեկավար Շաբթայ Շավիթը (1989-1996թթ.) The Times of Israel պարբերականին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Իրանի և դրա միջուկային զենք ստանալու ծրագրերից:

«Մոսսադ»-ի նախկին տնօրենն այս հարցում հավասարակշռված գնահատական է տվել` ասելով, որ պետք է ոչ թե հարձակվել Իրանի վրա, այլ «ստեղծել զսպման մեխանիզմներ»:

«Թույլ տվեք ասել, որ այս մասին ես խոսում եմ ոչ թե որպես քաղաքական կամ հասարակական գործիչ, այլ որպես հետախուզության աշխատակից: Հետախուզության սպան, որը տեղեկություններ է հաղորդում որոշումներ կայացնող անձանց, քաղաքական ղեկավարությանը մատակարարում է ոչ միայն հետախուզական տեղեկատվություն, այլ նաև գնահատականներ և նույնիսկ խորհրդատվություններ: Ինձ թույլ չի տրվում փնտրել լավագույն կամ դրական սցենարներ: Ես ընտրություն չունեմ: Ես պետք է կենտրոնանամ իրավիճակի ամենավատ զարգացման ուղղությամբ: Ամենավատ սցենարն այն է, որ իրանցիները չեն հրաժարվի իրենց որոշումից` վճռականությամբ հասնել միջուկային զենքի պոտենցիալին»,-նշել է Շավիթը:

Ըստ նրա` իրանցիների հիմնավորումը պարտադիր չէ, որ արտահայտվի հետևյալ կերպ. «Ես ուզում եմ ռումբ ունենալ, որպեսզի այն նետեմ Թել Ավիվի վրա»:

«Նրանց գլխավոր հիմնավորումը հետևյալն է.«Մենք պետք է իմունիտետ ձեռք բերենք, երբ ունենանք միջուկային զենք, կունենանք նաև իմունիտետ և ոչ ոք մեզ հետ չի կապվի»: Իրանցիները վճռականությամբ լի են իրենց համար իմունիտետ ստեղծելու գործում, և երբ նրանք խոսում են այդ մասին, դա միայն Իսրայելի դեմ չէ, այլ նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի»,-ընդգծել է «Մոսսադ»-ի նախկին ղեկավարը:

Վերջինս կարծում է, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, ապա «կհաղթի նաև Թուրքիային»:

«Նրանց առաջնորդները հանդիպում են: Նրանք այցերով են փոխանակվում, դա հիանալի է: Բայց հիմնականում այդ երկու տերությունները պայքարում են Մերձավոր Արևելքում հեգեմոնիա հաստատելու համար: Եվ կա նաև Իսրայելը: Կրկնվեմ, ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են, որ երբ նրանք ռումբ ունենան, կսպառնան Իսրայելի ֆիզիկական գոյությանը: Ո՛չ: Բայց ռումբ ունեցող պետությունն այն կարող է օգտագործել իր շահերը առաջ մղելու նպատակով ազդեցության գոտիներ ստեղծելու համար: Պետք չէ, որ մենք ամբողջ աշխարհին ու իրանցիներին հայտարարենք. «լսեք, մենք չենք թողնի, որ դուք ռումբ ստանաք»: Դա կնշանակեր, որ մենք ռազմական օպերացիա պետք է սկսենք ոչնչացնելու համար այն, ինչ նրանք ունեն»,-ասել է հետախույզը:

Շավիթը նշել է, որ դա ճիշտ քաղաքականություն չէ, քանի որ սպառնալու դեպքում հարկավոր է պատրաստ լինել նաև գործելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսսադ  


Վերնագիրի այլ պիտակները