200 բուհ հանդես է եկել առցանց կրթության դեպքում օտարազգի ուսանողների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի որոշման դեմ

11:51   14 Հուլիս 2020    258

ԱՄՆ 17 նահանգներից ավելի քան 200 համալսարան և քոլեջ հանդես են եկել առցանց կրթության դեպքում օտարազգի ուսանողների մուտքն ԱՄՆ արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ՝ պնդելով, որ այդ քաղաքականությունը վտանգում է ուսանողների անվտանգությունը և ստիպում է կրթական հաստատություններին վերանայել աշնանային ծրագրերը, որոնց պատրաստման համար նրանք ամիսներ են ծախսել։

Հաղորդվում է, որ կրթական հաստատությունները Հարվարդի համալսարանին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին աջակցության վերաբերյալ դատական փաստաթղթեր են ստորագրել․ համալսարաններն ավելի վաղ հայցով դիմել էին Բոստոնի դատարան՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն առ այն, որ ԱՄՆ-ում կրթություն ստացող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով անցկացվեն առցանց և ոչ թե առկա ձևաչափով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկուշաբթի 59 համալսարանների ներկայացրած կարճ զեկույցում ասվում է, որ այդ օրենքը ստիպում է համալսարաններին վերանայել աշնանային ծրագրերը, որոնց պատրաստման համար նրանք ամիսներ են ծախսել: Նրանք վիճարկում են այս քաղաքականության իրավական հիմքերը՝ հայտնելով, որ այն «ստիպում է համալսարաններին կամ բացել իրենց դռները՝ անկախ հանրային առողջության ռիսկերից, կամ իրենց օտարերկրյա ուսանողներին ստիպել հեռանալ երկրից»։

180 քոլեջներից բաղկացած առանձին կոալիցիան նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ քոլեջներն «անելանելի իրավիճակում են հայտնվել» այդ քաղաքականության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները