Չինաստանը հայտարարել է, որ չի վախենում Հարավչինական ծովում տիրող իրավիճակի հետ կապված ԱՄՆ պատժամիջոցներից

15:06   15 Հուլիս 2020    333

Չինաստանի իշխանությունները չեն վախենում միակողմանի պատժամիջոցներից, որոնք Վաշինգտոնը կարող է կիրառել Պեկինի դեմ՝ Հարավչինական ծովի խնդրի հարցով երկու պետությունների միջեւ աճող կոնֆլիկտի ֆոնին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կդադարեն շարժվել սխալ ուղղությամբ,- ընդգծել է նա հերթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:- Ամերիկյան կողմը պետք է վերանայի իր դիրքորոշումը, իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մենք չենք վախենում նրանց պատժամիջոցներից»:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է «դատարկ հեգեմոնական պահվածք» ցուցաբերել, մինչդեռ նրանք պետք է կառուցողական ջանքեր գործադրեն Հարավչինական ծովում խաղաղություն ապահովելու համար: «Անհրաժեշտ է փոխշահավետ փոխգործակցության հասնել, բոլորն էլ դա են ցանկանում»,- հավելել է Հուա Չունյինը։

Ինչպես երեքշաբթի առցանց սեմինարի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դեյվիդ Սթիլուելը, Վաշինգտոնը չի բացառում Պեկինի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը հակամարտության սրացման չի հանգեցնի տարածաշրջանում։

Չինաստանը վեճերի մեջ է մի շարք երկրների հետ Հարավչինական ծովում կղզիների տարածքային պատկանելիության հետ կապված, որոնց առափնյա ծանծաղուտներում նավթի եւ գազի զգալի պաշարներ են հայտնաբերվել: Արեւմտյան փորձագետներից ոմանք կարծում են, որ Պեկինը փորձում է վերահսկողություն հաստատել Մալաքկայի նեղուցին հարող ջրերի նկատմամբ, որի միջով անցնում է երկրի արտաքին առեւտրի շուրջ 60 տոկոսը եւ ՉԺՀ-ի կողմից ներմուծվող ածխաջրածինների ծավալի մոտ 80 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները