Կորոնավիրուսից ապաքինված Բոլսոնարուն ասել է, որ երբեւէ բոլորն էլ կվարակվեն

10:47   01 Օգոստոս 2020    269

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, Բաժե համայնքում (Ռիու Գրանդի դու Սուլ նահանգ) իր կողմնակիցների հետ հանդիպմանը կրկին նվազեցրել է նոր ինֆեկցիայի ռիսկերը եւ մարդկանց խնդրել չվախենալ՝ հայտարարելով, որ երբեւէ գրեթե բոլորը կվարակվեն դրանով, հայտնում է Folha de Sao Paulo պարբերականը:

Բրազիլիայի նախագահի մոտ հիվանդությունը հայտնաբերել էին հուլիսի 7-ին: Առաջին երեք թեստերը դրական էին, իսկ հուլիսի 25-ին Բոլսոնարուն հայտնել էր հերթական անալիզի բացասական արդյունքի մասին:

«Ես ռիսկի խմբում եմ, համապատասխանաբար երբեք անփութություն չեմ դրսեւորել, գիտեի, որ մի օր վարակվելու եմ, ցավոք, կարծում եմ, որ երբեւէ գրեթե բոլորդ կվարակվեք»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը:

Այցի ժամանակ նա հանդիսավորությամբ բացել է ռազմա-քաղաքացիական դպրոցը եւ սոցիալական կացարանը, ինչպես նաեւ իր կողմնակիցներին է ցույց տվել հիդրոքսիքլորոքինով տուփը, որին է վերագրում COVID-19-ից իր ապաքինումը:

«Ափսոսում եմ, ափսոսում եմ մահվան դեպքերի համար, ամեն օր տարբեր պատճառներով մարդիկ են մահանում, այդպիսին է կյանքը»,- ասել է Բոլսոնարուն՝ կրկին կորոնավիրուսի հետեւանքով մահվան մասին խոսելով որպես ինչ-որ անխուսափելի բանի:

Բրազիլիայի նախագահը, որը 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է այն դրույթները, որոնք բրազիլական նահանգներում սահմանափակում են առեւտուրն ու ծառայությունները կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարում, եւ հանդես է գալիս «ուղղահայաց մեկուսացման» օգտին, որի դեպքում պետք է տանը մնան միայն ռիսկի խմբի եւ 60-ն անց քաղաքացիները: Բոլսոնարուն մարտին հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չէր կարողանա իրեն կոտրել, եւ ԱՀԿ-ի հայտարարած համավարակի ֆոնին հիվանդությունն անվանել էր «ոչ մեծ գրիպ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները