ՉԺՀ-ն Գերմանիային քննադատել է Հոնկոնգի հետ փոխադարձ արտահանձնման մասին համաձայնագիրը սառեցնելու պատճառով

16:15   01 Օգոստոս 2020    276

Չինաստանը քննադատել է Հոնկոնգի հետ փոխադարձ արտահանձնման մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու Գերմանիայի որոշումը:

Բեռլինի դիրքորոշումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում» է, հայտարարել է Գերմանիայում Չինաստանի դեսպանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտոնական Բեռլինը մի քանի ժամ առաջ իր քայլը կապել էր Չինաստանի հատուկ վարչական տարածքի իշխանությունների որոշման հետ սեպտեմբերի 6-ին նախատեսված Օրենսդիր խորհրդի ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին, հայտնում է DW-ն:

Չինական կողմը, սակայն, իր դիրքորոշումը պատճառաբանել էր «Հոնկոնգի ռեզիդենտների կյանքի եւ առողջության պաշտպանության պատասխանատվությամբ» եւ «գիտական մոտեցման վրա հիմնված համաճարակաբանական վերահսկման փորձով»:

Հոնկոնգի գործերը Չինաստանի ներքին գործն են, շեշտել են դեսպանությունից: Պեկինն իրեն իրավունք է վերապահում հետագայում արձագանքելու Բեռլինի դիրքորոշմանը, ամփոփել են դիվանագիտական առաքելությունից:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ավելի վաղ նշել էր, որ տասնյակ ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններին թույլ չտալու եւ քվեարկության ժամկետը տեղափոխելու որոշումը «հերթական ոտնձգությունն է Հոնկոնգի քաղաքացիների իրավունքների դեմ»: Գերմանիան բազմիցս «հստակ հասկացրել է, որ Չինաստանից ակնկալում է միջազգային իրավունքի շրջանակում իր պարտավորությունների կատարում», հավելել էր նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները