Իրանում կորոնավիրուսից 3 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան հայտնում են. BBC

13:05   03 Օգոստոս 2020    443

Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը կարող է երեք անգամ ավելի լինել պաշտոնական վիճակագրությունից:

BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է BBC-ի պարսկական ծառայությունը, որի ձեռքի տակ են հայտնվել Իրանի կառավարության չհրապարակված տվյալները:

Ըստ լրատվամիջոցի՝ հուլիսի 20-ի դրությամբ Իրանում Covid-19-ից մահացել է գրեթե 42 հազար մարդ, մինչդեռ այդ ժամանակ մահվան դեպքերի պաշտոնական թիվը 14 հազար էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացածների պաշտոնական թիվը նույնպես տարբերվում է հիվանդների իրական թվից: Հուլիսի 20-ի դրությամբ Իրանը հայտնել էր գրեթե 280 հազար հիվանդի մասին, իսկ տվյալների արտահոսքը վկայում է ավելի քան 450 հազար հիվանդի մասին:

Տվյալները BBC-ին են ուղարկվել անանուն աղբյուրի միջոցով: Դրանք ներառում են օրական հիվանդանոցներ ընդունված մարդկանց անունները, տարիքը, սեռը, ախտանիշները, հիվանդանոցում անցկացրած ժամանակը և ուղեկցող հիվանդությունները: Աղբյուրը հայտնել է, որ կիսել է տվյալները լրատվամիջոցի հետ, որպեսզի «լույս սփռի ճշմարտության վրա և վերջ դնի համավարակի ընթացքում քաղաքական խաղերին»:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ Իրանը հաղորդել է կորոնավիրուսով 309.437 հիվանդի և 17.190 մահվան մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները