ՌԴ-ը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի

12:59   05 Օգոստոս 2020    280

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին Բեյրութ կուղարկի շարժական հոսպիտալով, բժիշկներով, փրկարարներով և «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության աշխատակիցներով 5 ինքնաթիռ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր առմամբ 5 ինքնաթիռ կուղարկվի լիբանանյան Բեյրութ` օգնություն ցուցաբերելու և երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար»,-հայտարարել են մամուլի ծառայությունից:

«Բոլոր մասնագետները կունենան հատուկ կոստյումներ և պաշտպանության միջոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը»,-նշել են նախարարությունում:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները