Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են Լիբանանի նախագահի և վարչապետի նստավայրերը

15:24   05 Օգոստոս 2020    291

Լիբանանի Մեծ պալատը, որը ծառայում է որպես երկրի վարչապետի գրասենյակ, լրջորեն տուժել է օգոստոսի 4-ին երկրի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից, վնաս է հասցվել նաև նախագահական նստավայր Բաաբդա պալատին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Վարչապետի նստավայրում կոտրվել են դռները, դրանք նետված են եղել գետնին, վնաս է հասցվել կահույքին: Շենքը գտնվում է պայթյունի վայրից 1,6 կմ հեռավորության վրա:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները