Բելառուսի նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել երկրի` ՀԱՊԿ-ից դուրս գալուն

17:15   05 Օգոստոս 2020    366

Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը կարծում է, որ երկիրը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:

«Հեռանկարում այո»,-ասել է Դմիտրիևը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ինքը հանդես է գալիս Բելառուսի` ՀԱՊԿ-ից դուրս գալու օգտին իր` Բելառուսի չեզոքության վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:

Նա նշել է, որ «այսօր մի շարք միջազգային կառույցներ խիստ վերանայման կարիք ունեն, օրինակ՝ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն»:

«Այդ համակարգերը չեն կարող ապահովել նույնիսկ տարածաշրջանային անվտանգությունն՝ այդտեղ ներառված երկրների մակարդակով: Մենք պետք է լրջորեն բարձրացնենք այն հարցը, որ հետխորհրդային շրջանն ավարտվում է, գործիքները, որոնք պետք է ապահովեին ավելի մեղմ անցումը ԽՍՀՄ-ից դեպի անկախ պետություններ, իրենց գործն արդեն արել են, և մեզ նոր գործիքներ են հարկավոր, որոնք կապահովեն տարածաշրջանի անվտանգությունը, երկխոսության հարթակը, առևտրային հարաբերությունները: Այն, ինչ կա այսօր, շատ թանկ արժե և չի աշխատում: Մենք կառաջարկենք մեր ծրագիրը, թե ինչպես պետք է դա բարեփոխել»,-ասել է Դմիտրիևը:

Միևնույն ժամանակ նա հերքել է Բելառուսի` ԱՊՀ-ից դուրս գալը:

«Ոչ, ԱՊՀ-ից պետք չէ դուրս գալ, այն պետք է ամբողջովին փոխել: Հարմարեցնել այսօրվա իրականությանը: ԱՊՀ-ն ի սկզբանե նախկին խորհրդային հանրապետությունների դաշինք է, դա արդիական էր 30 տարի առաջ, այժմ կան անկախ պետություններ՝ շատ տարբեր շահերով: Մենք պետք է ստեղծենք նոր երկխոսության համակարգ, որը հաշվի է առնում դա»,-բացատրել է քաղաքական գործիչը:

Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին, դրան կմասնակցի 5 թեկնածու: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ՀԱՊԿ  


Վերնագիրի այլ պիտակները