Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

18:42   10 Օգոստոս 2020    291

Ավստրալիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել:

Վիկտորիա նահանգում վերջին 24 ժամում Covid-19-ից 19 մարդ է մահացել: BBC-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայում կորոնավիրուսից մահվան 314 դեպքերի 2/3-ը բաժին է ընկնում հենց Վիկտորիային: Ընդհանուր առմամբ Ավստրալիայում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 21.407 մարդու մոտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիկտորիա նահանգում և նրա մայրաքաղաք Մելբուրնում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն է սկսվել: Մելբուրնում 1 ամիս առաջ երկրորդ լոքդաունն է սկսվել, սակայն օգոստոսի 3-ից կարանտինային սահմանափակումները խստացվել են, սահմանվել է պարեկային ժամ, բոլոր ոչ կարևոր ձեռնարկությունները և խանութները փակվել են, հանրային վայրերում դիմակ կրելը դարձել է պարտադիր: Տնից դուրս գալու համար հատուկ թույլտվություն է հարկավոր:

Այս խստացումները պայմանավորված են նոր դեպքերի թվի աճով: Չնայած վերջին օրերին այդ թիվը փոքր-ինչ նվազել է, այնուամենայնիվ, նահանգում օրական մի քանի հարյուր դեպք է գրանցվում: Լրատվամիջոցը հաղորդում է, որ օգոստոսի 10-ին Վիկտորիայում կորոնավիրուսի 322 նոր դեպք է արձանագրվել, մինչդեռ 5 օր առաջ այդ թիվը 725 էր: Մյուս նահանգներում կա՛մ դեպքեր չեն արձանագրվել, կա՛մ դրանք շատ քիչ են եղել: Վիկտորիայում անցյալ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 մարդ է մահացել կորոնավիրուսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները