Փորձագետները հայտարարել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը գրեթե մինչև զրո կրճատման մասին

09:50   15 Օգոստոս 2020    224

Վենեսուելայում, որը նավթի խոշորագույն պաշարներն ունի աշխարհում, նավթի արդյունահանումը մոտենում է զրոյի, հաշվել են IHS Markit կոնսմալտինգային ընկերության փորձագետները։

Դեռ 2017 թվականին Վենեսուելայում արդյունահանումը մեկ օրում կազմում էր 2 միլիոն բարել: Մեկ տարի առաջ այն ընկել է օրական մինչեւ 650 հազար բարել: Այժմ, IHS Markit-ի տվյալներով, Վենեսուելան օրական արդյունահանում է 100-ից մինչեւ 200 հազար բարել, եւ անկումը շարունակվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այժմ կարելի է ենթադրել, որ շուտով երկրում նավթի արդյունահանումը կարող է դառնալ զրոյական կամ մոտենալ այդ մակարդակին»,- գրում են փորձագետները, նշելով, որ նավթարդյունաբերության պատմության մեջ երբեք խոշոր նավթարդյունաբերող երկրների նավթի արդյունահանման ծավալն այդքան ցած ու այդքան երկար ժամանակ չի ընկել: Վենեսուելան մեծությամբ երրորդ նավթարդյունահանող երկիրն է ՕՊԷՔ-ի տասներեք անդամների թվում:

Վերջին ժամանակներս իրադրությունը Վենեսուելայի համար խորացել է նավթի համատարած գնանկմամբ՝ COVID-19-ի համավարակի, ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ նավթը պահելու հնարավորությունների սահմանափակումների պատճառով, նշում են հրապարակման հեղինակները:

Թեեւ Վենեսուելայի դեպքը պատմական է, փորձագետներն այն կարծիքին են, որ այն գործնականում չի ազդում համաշխարհային նավթաշուկաների վրա՝ կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների ֆոնին պահանջարկի եւ առաջարկի ավելի լուրջ փոփոխությունների պատճառով:

«Աշխարհում կան բավականին արտադրական հզորություններ, որպեսզի բավարարվի նավթի համաշխարհային պահանջարկի վերականգնումը, որը դիտվում Է մայիսից»,-կարծում Է IHS Markit-ի փոխնախագահ եւ նավթաշուկաների ղեկավար Ջիմ Բուրքհարդը: Փորձագետները վստահ են, որ Վենեսուելան կարող է ապագայում վերականգնել նավթի արդյունահանումը՝ հաշվի առնելով նրա հսկայական նավթապաշարները: Սակայն ենթակառուցվածքի վիճակը, նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցնում են նման ելքի հավանականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փորձագետներ  


Վերնագիրի այլ պիտակները