Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար

15:39   18 Սեպտեմբեր 2020    195

Բելառուսում խուլուհամր մարդուն դատել են, ըստ ոստիկանության վարկածի` չարտոնված ցույցին ակտիվորեն մասնակցելու և «բարձրաձայն կարգախոսներ բղավելու» համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում տալով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը:

Գոմելի 23-ամյա բնակիչ Ալեքսանդրը բերման է ենթարկվել օգոստոսի 12-ին՝ կանգառից: Ձերբակալվածի մայրը պատմել է, որ ոստիկանության աշխատակիցները բռնել են որդուն և քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա, երբ նա արդեն բարձրանում էր ավտոբուս: Կնոջ խոսքով ՝ որդին գրեթե չի լսում և չի խոսում, միայն ինքն է հասկանում որդուն:

«Նա (ոստիկաններին) ձեռքով ցույց է տվել իր լսողական սարքը, բացատրել է, որ չի լսում, բայց նրան սկսել են հարվածել` ոտքերին, ծնոտին: Հետո կապտուկներ են առաջացել նաև մեջքին»,-պատմել է Ալեքսանդրի մայրը:

Ավելի ուշ Ալեքսանդրը պատմել է, որ ոստիկանական մեքենայում իրեն ծնկի են իջեցրել, իսկ ոստիկանական բաժանմունքում դեմքով պառկեցրել են գետնին և թույլ չեն տվել բարձրացնել գլուխը:

Դատարանը Ալեքսանդրի մեղքը չապացուցված է համարել և արդարացրել նրան:

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները