Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian

11:18   19 Սեպտեմբեր 2020    178

Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ սա փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին:

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 23 952 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք, սակայն ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:

Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայան հավանականությամբ՝ այն առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:

Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի:

Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները