ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար

15:06   19 Սեպտեմբեր 2020    234

Համաշխարհային հանրությունը պետք է ներդրումներ կատարի առողջապահության ոլորտում, որպեսզի հետագայում թույլ չտա COVID-19-ի հարուցած համավարակի նման զանգվածային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:

Այսպիսի կոչով է ուրբաթ օրը կառավարություններին դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր երկրները պետք է միասին աշխատեն եւ ներդրումներ կատարեն»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրույցում` հավելելով․ «Սա թույլ կտա ապահովել, որ այսպիսի ուժգնության եւ ծանրության համավարակ այլեւս երբեք չկրկնվի»: Գլխավոր տնօրենի խոսքերով՝ ունենալով քաղաքական կամք եւ առողջապահությունը ֆինանսավորելու պատրաստակամություն, համաշխարհային հանրությունը «կարող է կանխել ապագա համավարակները եւ պայքարել դրանց դեմ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկա պայմաններում, երբ կարանտինային միջոցառումներից հետո շատ երկրներ «սկսում են բացվել», COVID-19-ից հիվանդացության եւ մահացության դեպքերը «սկսում են աճել»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ ուշադրություն հրավիրելով «հիվանդանոցային մահճակալների հնարավոր պակասի կապակցությամբ տագնապի վրա»: Նա ասել է, որ դա «կրիտիկական պահ է երկրների համար»: ԱՀԿ-ն «առաջնորդներին խնդրում է ձեռնարկել նպատակային գործողություններ, որոնք կարող են կանխել վարակի տարածումը, եւ ապահովել առողջապահության համակարգի ու աշխատողների պաշտպանությունը»։

«Եթե երկրները ցանկանում են ցույց տալ իրական նվիրվածությունը վիրուսը հաղթահարելու գործին, ապա դա կարելի է անել անկեղծ համերաշխությամբ»,- ասել է Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը: Բացի այդ, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ «պատվաստանյութերի, թերապեւտիկ եւ ախտորոշիչ գործիքների ծախսերը ծածկելու համար»,- եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները