Պոմպեո. ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

10:12   20 Սեպտեմբեր 2020    233

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է CNN-ը:

«ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները կկատարեն այդ միջոցների սահմանման մասով իրենց պարտավորությունները: Եթե վերջիններս չկատարեն իրենց պարտավորությունները, ապա Միացյալ Նահանգները ստիպված կլինեն օգտագործել իրենց ներքին իշխանությունը՝ ապահովելու, որպեսզի Իրանը չկարողանա շահ ստանալ ՄԱԿ-ի կողմից արգելված գործունեությունից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ մոտ օրերս ԱՄՆ-ը կհայտարարի հավելյալ միջոցների մասին:

Ավելի վաղ «Եվրաեռյակը»՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, մերժել են Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկը՝ այն անօրինական համարելով:

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ամրագրված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւում, որը վավերացրել է 2015 թվականին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել տուգանքային միջոցառումների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող այս պահանջի վրա վետո դնել։

Միացյալ Նահանգները, սակայն, դեռեւս 2018 թվականին հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու մասին։ Սրանով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ մյուսները կարծում են, որ ԱՄՆ-ն այլեւս գործարքի մասնակից չէ եւ Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնում պահանջելու իրավական հնարավորություն չունի։ Սպիտակ տանը, հակառակը, համոզված են, որ Վաշինգոնը պաշտոնապես այդ մեխանիզմից օգտվելու իրավունք ունի, քանի որ մասնակցել է բանաձեւի ստորագրմանը։

Ավելի վաղ մայիսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՆԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք կապ են ունեցել իրանական իրավապահ մարմինների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները