ՌԴ-ում արձագանքել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը

12:38   20 Սեպտեմբեր 2020    233

Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-ն քաջություն կունենա առերեսվելու ճշմարտության հետ եւ դադարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից արտահայտվել Իրանի վերաբերյալ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում այսպես արձագանքել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը։

«Այժմ պնդել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցային բանաձևերը վերականգնվել են, նշանակում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։ Հուսով ենք, որ ամերիկացի գործընկերները քաջություն կունենան վերջապես առերեսվելու ճշմարտության հետ եւ դադարեն արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի անունից: ԱՄՆ-ի ոչ լեգիտիմ նախաձեռնություններն ու գործողությունները չեն կարող միջազգային իրավական հետեւանքներ ունենալ այլ երկրների համար եւ հանգեցնել Իրանի հետ օրինական համագործակցության սահմանափակման վերաբերյալ նրանց պարտավորությունների առաջացմանը», — ասված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Այնտեղ հիշեցրել են 2015 թվականին ընդունված 2231 բանաձեւի մասին, որը պարունակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերսկսման մեխանիզմ, եթե երկիրը չկատարի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Փաստաթուղթը, որը գործում է ընդունման օրվանից 10 տարվա ընթացքում, ենթադրում է, որ լուրջ խախտումների հայտնաբերման դեպքում Իրանը կկարողանա խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունի համապատասխան բանաձեւ: Իսկ եթե նրա մշտական անդամներից գոնե մեկը դուրս գա նրա դեմ, պատժամիջոցներն ինքնաբերաբար կվերականգնվեն Անվտանգության խորհրդին ծանուցելու պահից 30 օրվա ընթացքում։

Իրանը եւ միջազգային բանակցողների «վեցյակը» 2015 թվականի հուլիսին պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել են ԳՀՀԾ-ի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին հանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից նախկինում սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները Իրանից:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, հայտնել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները