Լիբանանում փետրվարի 21-ից ի վեր կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

12:49   20 Սեպտեմբեր 2020    234

Լիբանանում փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել՝ մեկ օրում 779 մարդ է վարակվել, մահացել է 5 վարակակիր, որոնցից մեկը՝ 18-ամյա երիտասարդ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին մեկ օրում 12 400 թեստավորում է կատարվել: Լիբանանի պետական համալսարանի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան հոսպիտալի գլխավոր բժիշկ Ֆիրաս Աբյադը թվիթերյան իր էջում գրել է, որ գրանցված տվյալները շոկային են:

«Կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելով պայմանավորված՝ վարակման դեպքերի աճ կանխատեսում էինք, բայց ոչ այս աստիճանի»,- նկատել է Աբյադը՝ հավելելով, որ խիստ անհանգստացած է 18-ամյա վարակակրի մահվան պատճառով:

Լիբանանում սեպտեմբերի 3-16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 14%-ով:

Սեպտեմբերի 8-ին իշխանությունները ստիպված եղան զգալիորեն թուլացնել վարակման դեպքերի աճի պատճառով օգոստոսի 21-ին խստացված սահմանափակումները: Արհմիությունների պահանջով կրկին բացվեցին առևտրային մոլերը, շուկաները, կինոթատրոնները, սրճարանները, ռեստորանները, քաղաքային զբոսայգիները, սպորտային ու գիշերային ակումները, հանդիսությունների սրահները: Վերացվել է ծովափում զբոսնելու արգելքը, թույլատրվել է այցելել լողափեր, լողալ ծովում և լողավազաններում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակման 28 297 դեպք է գրանցվել. 286 մարդ մահացել է, 11 440-ը՝ ապաքինվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները