Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար

19:55   20 Սեպտեմբեր 2020    231

Գերմանիան կմեղմացնի ընկերությունների անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար, հաղորդում է Reuters-ը:

Այս կապակցությամբ Եվրոպայի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի իշխանությունները առաջարկել են մի ծրագիր, համաձայն որի մեղմացումը կազդի հուսալի բիզնես-մոդել ունեցող ընկերությունների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ձգտելով խուսափել զանգվածային սնանկացումներից եւ կրճատումներից՝ կառավարությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, նախաձեռնել է մեղմացման եւ խթանման միջոցառումների շարք, քանի որ երկիրը պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ամենամեծ տնտեսական անկմանը, որը երկրորդ եռամսյակում կազմել է աննախադեպ 9,7%:

Համաձայն բարեփոխման նախագծի, որն ուժի մեջ կմտնի 2021թ․ սկզբին, ընկերությունների կողմից իրենց անվճարունակության մասին հայտարարելու վերջնաժամկետը կերկարաձգվի վեց շաբաթով, եւ իշխանությունները կմեղմացնեն իրենց մոտեցումը գերբարձր պարտքի խնդրի դիտարկման ժամանակ:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունն արդեն ընդառաջել էր համավարակի ընթացքում ֆինանսական դժվարություններ ապրող ընկերություններին՝ սնանկության մասին հայտարարումը հետաձգելով մինչեւ տարեվերջ, մինչդեռ նրանք այդ մասին պետք է հայտարարեին սեպտեմբերի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները