CNN․ Սնոուդենը համաձայն է ելույթներից եւ գրքի վաճառքից 5 մլն դոլարից ավելին վճարել ԱՄՆ իշխանություններին

16:35   22 Սեպտեմբեր 2020    276

ԱՄՆ ԿՀՎ եւ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնվել է երկրի կառավարությանը վճարել 5 մլն դոլարից ավելի այն միջոցներից, որ ստացել է անցյալ տարի լույս տեսած «Անձնական գործ» (Permanent Record) գրքի վաճառքից, ինչպես նաեւ հրապարակային ելույթներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

ԱՄՆ իշխանություններն իրենց հայցում պնդում են, որ հուշագրության հրապարակումը խախտում է չհրապարակայնացնելու մասին համաձայնությունները, որոնք Սնոուդենը ստորագրել էր ամերիկյան հատուկ ծառայություններում աշխատելիս։ Հայցվորի կարծիքով՝ «Անձնական գործի» վաճառքի ամբողջ եկամուտը եւ հրապարակումները պատկանում են ԱՄՆ-ին։

CNN-ի տեղեկություններով՝ Սնոուդենն իր գրքով այս ամսվա դրությամբ վաստակել է 4,2 մլն դոլար։ Դրանից բացի, գրեթե 1,03 մլն դոլար է ստացել 56 ելույթների համար, որոնցում նույնպես գաղտնի տեղեկություններ է հայտնել։

Նշվում է, որ դատարանն առայժմ հավանություն չի տվել վճարման նշված ծրագրին։ Նախկին հատուկ գործակալի փաստաբանը շեշտել է, որ կառավարության հետ ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում փողին իշխանությունների անհապաղ հասանելիություն, քանի որ Սնոուդենը նախատեսում է բողոքարկել տեղեկությունների հրապարակման համար իր պատասխանատվության վերաբերյալ ավելի վաղ կայացված դատավճիռը։

2013 թվականին Էդվարդ Սնոուդենը հրապարակայնացրել էր ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսման մեթոդների մասին տեղեկությունները, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների բանակցությունների ապօրինի գաղտնալսման մասին։ ԱՄՆ իշխանությունների հետապնդումից փրկվելու համար Սնոուդենը մի շարք երկրների իշխանություններին ապաստան տրամադրելու հայտեր էր ուղարկել, այդ թվում՝ Ռուսաստանին։ 2014 թվականի օգոստոսի 1-ին նա ՌԴ-ում 3 տարով կեցության իրավունք էր ստացել, որն ավելի ուշ երկարաձգվել էր նույն ժամկետով։

ԱՄՆ-ում Սնոուդենին մեղսագրում են լրտեսության մասին օրենքի 2 հոդվածների խախտում։ Այս կետերից յուրաքանչյուրով նրան սպառնում է մինչեւ 10 տարվա բանտարկություն։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Սնոուդենին դավաճան են համարում եւ չեն պատրաստվում նրան ներել, քանի որ նա ծանր վնաս է պատճառել ազգային անվտանգությանն շահերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սնոուդեն  


Վերնագիրի այլ պիտակները