ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերի ընդհանուր քանակը

18:39   22 Սեպտեմբեր 2020    267

Կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ ներկայում կլինիկական և նախակլինիկական փորձարկումներ են անցնում ողջ աշխարհում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

«Ներկայում «Քովիդ-19»-ի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում: Պատվաստանյութերի զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դրանցից ոմանք կտապալվեն, իսկ մյուսները՝ հաջող կլինեն»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս առումով ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է կազմակերպության և GAVI-ի համատեղ COVAX Facility ծրագրին երկրների միանալու կարևորությունը: Ծրագիրը տեղեկություններ է հավաքում պատվաստանյութի բոլոր թեկնածուների մասին:

Առկա տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին ծրագրին արդեն 156 տնտեսություն է միացել, այդ թվում 64 պետություն, որոնց բնակչության եկամուտի մակարդակը բարձր է: Ցանկում, մասնավորապես, ընդգրկված են ԵՄ 27 երկրները, Նորվեգիան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ներգրավված չեն COVAX Facility ծրագրում:

Ակնկալվում է, որ COVAX Facility-ն կսկսի համաձայնագրեր կնքել պատվաստանյութի արտադրողների հետ, որպեսզի ապահովի դեղամիջոցի անհրաժեշտ քանակը մինչև 2021 թվականի ավարտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները