Պեկին. ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը Չինաստանի հասցեին անհիմն քննադատություն տարածելու համար

15:03   23 Սեպտեմբեր 2020    179

Չինաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին հնչեցված ԱՄՆ մեղադրանքներին եւ կարծում է, որ ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը ՉԺՀ-ի հասցեին անհիմն քննադատություն տարածելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Ցավոք, ամերիկյան կողմն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնը` արհամարհելով փաստերը, ստեր հնարելով, վարկաբեկել եւ անհիմն քննադատություն է տարածել Չինաստանի հասցեին` պարսավելի քաղաքական նպատակներից ելնելով: Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:

«Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ միակողմանիության եւ հետապնդումների ուղին ամենալուրջ սպառնալիքն է ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին (ԳԱ), ասել էր, որ ՄԱԿ-ը «պետք է» պատասխանատվության ենթարկի Չինաստանին նոր կորոնավիրուսի համավարակի առաջացման համար: Թրամփն իր ելույթը սկսել էր «չինական վիրուսի» մասին խոսքերով եւ այն գրեթե ամբողջությամբ նվիրել էր ՉԺՀ-ի հասցեին հնչող քննադատություններին: Նրա խոսքով` Չինաստանը մի երկիր է, «որը բաց է թողել ներկայիս ժանտախտն աշխարհի վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները