Ռուսաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք չկա. Ռոսպոտրեբնադզոր

15:59   25 Սեպտեմբեր 2020    218

Ռուսաստանում շարունակվում է կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքը, երկրորդ ալիքը չկա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը, գրում է eadaily.com կայքը:

«Կորոնավիրուսային համավարակը չի անհետացել, սակայն երկրորդ ալիքը չկա: Համաճարակաբանական իրավիճակը զարգանում է որպես առաջին ալիքի շարունակություն»,-նշել է Գորելովը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրադրությունն այժմ շատ ավելի լավ է, սակայն վերահսկողության թուլացման դեպքում այն կվատթարանա:

«Որոշ երկրներում կրկին խիստ սահմանափակումներ են մտցվում, փակվում են արտադրական օբյեկտները և այլն: Մեզ մոտ իրավիճակն իսկապես շատ ավելի լավ է, սակայն դա այդպես է, քանի որ մենք ժամանակին և արդյունավետ կերպով ենք ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Թուլացնելուն պես իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Չէի ցանկանա, իրապես չէի ցանկանա վերադառնալ գարնանը կիրառված սահմանափակման միջոցառումներին, ուստի՝ անհրաժեշտ է թեստավորման թիվն ավելացնել, հետևել սահմանված պահանջներին և մարդկանց հետ երկխոսության մեջ մտնել»,- նշել է պետության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Պուտինը վստահեցրել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակը ժամանակի հետ բարելավվելու է: Նա իշխանություններին հանձնարարել է ռիսկի խմբում գտնվողների՝ ծերերի անվտանգության ապահովման համար հատուկ միջոցներ ձեռնարկել:

Հայտնի է, որ Ռուսաստանի 84 շրջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6595 նոր դեպք: Ընդհանուր վարակակիրների թիվը երկրում հասել է 1 128 836-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները