Փրկարարները դադարեցրել են Խարկովի մերձակայքում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքները

12:16   26 Սեպտեմբեր 2020    222

Ուկրաինայի Խարկով մարզի մերձակայքում ԱՆ-26 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են․ հայտնաբերվել են ուրբաթ գիշեր տեղի ունեցած ավիաաղետի բոլոր 25 զոհերի մարմինները։

Զոհերի թվում են Խարկովի Օդային ուժերի համալսարանի 18 կուրսանտ և ռազմական ինքաթիռի անձնակազմի 7 անդամ, գրում է tass.ru-ն։

Նշվում է, որ ևս երկու կուրսանտի հաջողվել է ցածր բարձրությունից դուրս ցատկել ինքնաթիռից։ Նրանք հիվանդանոցում են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում։

Ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է ԱՆ-26 ռազմական ինքնաթիռի «սև արկղը»-ի հայտնաբերման մասին՝ նշելով, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։

«Ամեն ինչ ընթացել է ըստ պլանի։ Ինքնաթիռը կուրսանտների ուսուցման նպատակով վարժական թռիչքներ է իրականացրել։ Օդաչու-հրահանգիչը միշտ եղել է ինքնաթիռի ղեկին, կուրսանտները նստել են աջ աթոռին՝ ինքնաթիռի կառավարման հմտություններ ձեռք բերելու համար։ Նախնական վերլուծությունը վկայում է, որ, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռի թևերը բախվել են գետնին»,- ասել է Տարանը՝ հավելելով, որ «սև արկղի» հետագա վերլուծությունները թույլ կտան նշել աղետի հստակ պատճառները։

Նա նաև հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստատած տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 27 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքներին պատրաստվելու, դրանց իրականացման կանոնները խախտելու հատկանիշներով, ինչը աղետի և ծանր հետևանքների է հանգեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները