Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել

01:12   02 Հոկտեմբեր 2020    265

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայից դուրս գալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել գերմանական Der Spiegel ամսագրին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնին լրագրողների հետ շփվել է շուրջ 1 ժամ։

Նա պատմել է, որ օրեցօր իր ինքնազգացողությունը լավանում է, և կարևորը վերադարձել են մտավոր կարողությունները։ Այժմ Նավալնին ապրում է Բեռլինում կնոջ և որդու հետ, իսկ դուստրը վերադարձել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու։

Ըստ բժիշկների՝ Նավալնին կարող է վերականգնվել 90%-ով, գուցե նաև՝ 100%-ով։ Նավալնին նշել է, որ նման է լաբորատոր առնետի, և իր դեպքը հետաքրքիր է բժիշկներին, քանի որ քչերին է հաջողվում ապրել նյարդապարալիտիկ նյութով թունավորումից հետո։

Նավալնին նաև պատմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին։ Ըստ Նավալնիի՝ դուռը բացվել է, և ներս է մտել Մերկելը, շատ անսպասելիորեն։ Նա մանրամասներ չի ներկայացրել, սակայն ասել է, որ ոչ մի գաղտնի բան չեն քննարկել։

Նավալնին նաև ենթադրում է, որ թույնն իր օրգանիզմ է ներթափանցել մաշկի միջոցով։ Ըստ քաղաքական գործչի՝ ինքն, ամենայն հավանականությամբ, դիպել է թունավորված մակերեսին, այնուհետև ջրով շշին, որի վրա էլ թույնի հետքեր են հայտնաբերվել։ Նավալնիի կարծիքով, թույնը քսել են այնպիսի առարկայի, որից օգտվել է միմիայն ինքը, որպեսզի այլ մարդիկ չտուժեն, ինչպես Բրիտանիայում կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքում։

Նավալնին պնդում է, որ իր դեմ հանցագործության հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը, և դրա վառ ապացույցը «Նովիչոկի» օգտագործումն է, քանի որ «այն օգտագործելու հրաման կարող էր տալ միայն Անվտանգության դաշնային բյուրոյի ղեկավարը, Ներքին անվտանգության ծառայության ղեկավարը, Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը, որոնք նման որոշում չէին կարող կայացնել՝ առանց Պուտինի հրահանգների»։

Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ վերականգնումից հետո մտադիր է, որքան հնարավոր է արագ, վերադառնալ Ռուսաստան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները