ԱՄՆ-ն հաստատել է COVID-19-ի դեմ` Թրամփի ընդունած դեղամիջոցը

14:18   23 Հոկտեմբեր 2020    336

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է ռեմդեսիվիր (ֆիրմային անվանումը ՝ Veklury) հակավիրուսային դեղամիջոցի օգտագործումը COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդներին բուժելու համար:

FDA-ն հայտարարել է, որ «Veklury»-ն առաջին դեղամիջոցն է COVID-19-ի դեմ, որը ստացել է գործակալության հաստատումը: Մայիսին կարգավորող մարմինն արդեն արտոնել է ռեմդեսիվիրի օգտագործումն արտակարգ իրավիճակներում: Այժմ վարչությունն ընդգծել է, որ թույլտվությունը վերաբերում է ոչ բոլոր հիվանդներին, այլ` նրանց, ում հոսպիտալացում է պահանջվում:

«Gilead Sciences» արտադրողի կայքում նշվում է, որ դեղամիջոցը կարող են օգտագործել մեծահասակները եւ 12 տարեկանից բարձր երեխաները եւ առնվազն 40 կգ քաշով` միայն հիվանդանոցային պայմաններում: Արտադրողը նշում է նաեւ դեղաչափը, հակացուցումները եւ հնարավոր կողմնակի ազդեցությունները:

Հունիսի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) remdesivir-ը միակ հակավիրուսային դեղամիջոցն էր անվանել, որը փորձարկումներում հուսադրող արդյունքներ էր ցույց տվել COVID-19-ի դեմ: Կազմակերպությունը հաղորդել էր, որ այն ընդունած հիվանդներն ավելի արագ են ապաքինվել: Սակայն հոկտեմբերին ԱՀԿ-ի կլինիկական փորձարկումները ցույց տվեցին, որ ռեմդեսիվիրով բուժումն էապես չի ազդել հիվանդների մահացության վրա: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրայեսուսի խոսքով` ռեմդեսիվիրը գործնականում չի ազդում հիվանդի վրա հիվանդանոցում գտնվելու պահին, իսկ ծանր COVID-19-ով տառապող հիվանդներին կարող է օգնել դեքսամետազոնը:

Ռեմդեսիվիրով բուժվել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հոկտեմբերի սկզբին COVID-19- ով հոսպիտալացվել էր Walter Reed ազգային ռազմաբժշկական կենտրոն: Բացի այդ, պետության ղեկավարին դեքսամետազոն էր նշանակվել եւ հակամարմիններից կոկտեյլ էր ներարկվել: Դուրս գրվելուց հետո նախագահը խոստացել էր ԱՄՆ քաղաքացիներին COVID-19-ի դեմ նույնպիսի անվճար բուժում տրամադրել, ինչպիսին ինքն էր ստացել: Հուլիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները գնել են աշխարհի դեղերի պաշարների 90 տոկոսը, եւ այդ քայլը «հիանալի» էր անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները