Լիբիայում հակամարտող կողմերը հրադադարի հաստատման համաձայնագիր են կնքել

22:15   23 Հոկտեմբեր 2020    397

Լիբիայում կոնֆլիկտի մասնակիցները այսօր Ժնևում կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի Լիբիայի աջակցության առաքելության ֆեյսբուքյան էջում։

Ինչպես հաղորդվում է առաքելության տարածած հաղորդագրությունում, համաձայնագիր է ստորագրվել Լիբիայում մշտական հրադադարի մասին։ Փաստաթղթի տակ ստորագրել են կողմերի ներկայացուցիչները, որոնք Ժնևում բանակցություններ էին վարում հոկտեմբերի 19-ից, իսկ ՄԱԿ-ի կողմից փաստաթուղթը վավերացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանի Ուիլյամսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ստեֆանի Ուիլյամսը իր ելույթում նշել է, որ համաձայնագիրը Լիբիայում կոնֆլիկտի կարգավորման առաջին կարևոր քայլն է։Նա շնորհակալություն է հայտնել կողմերին այն բանի համար, որ նրանք դեպի առաջ քայլ կատարեցին և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր։

«Մենք հույս ունենք, որ հրադադարը թույլ կտա, որպեսզի փախստականները վերադառնան իրենց տներն ու ապրեն խաղաղ ու անվտանգ», -ասել է Ստեֆանի Ուիլյամսը։

Ռազմական համատեղ կոմիտեի “5+5” ֆորմատով բանակցությունները Ժնևում ընթանում էին հոկտեմբերի 19-ից։ Չորեքաբթի օրը Ուիլյամսը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են բացել Լիբիայի բոլոր շրջաններն ու քաղաքները կապող բոլոր վերգետնյա ճանապարհները։ Ինչպես նաև նա հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Լիբիայի օդային ճանապարհները բացելու և դեպի հարավային շրջանի մայրաքաղաք Սաբահ թռիչքները վերականգնելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները