Մինսկում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել զանգվածային ցույցի մասնակիցների դեմ

08:14   26 Հոկտեմբեր 2020    241

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Օրլովսկայա փողոցում լուսաձայնային նռնակների պայթյուններ են լսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ականատեսներին:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ցուցարարները հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքում: Այնտեղ հատուկ տեխնիկա է տեղակայվել, այդ թվում՝ բանակային բեռնատարներ, ջրցան մեքենաներ: Ուժայինները ցուցարարներին դիմավորել են վահաններով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել իրար հետևից վառ բռնկումներ էին նկատվում: Ընդհանուր առմամբ՝ 10-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ Մինսկի հարցով վարչությունից, ոստիկանությունը «հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների անօրինական գործողությունները կանխելու համար»: Գերատեսչությունից մասնավորեցրել են, որ հավաքված ցուցարարները հետ են քաշվել:

Աղբյուրի տվյալներով՝ հատուկ տեխնիկայի կիրառումից հետո իրավապահները զանգվածային ձերբակալություններ են սկսել ցուցարարների շրջանում:

Բելառուսական ընդդիմությունը կիրակի բողոքի զանգվածային ակցիաներ է կազմակերպել: Այսօր լրանում է ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ներկայացրած վերջնագրի ժամկետը: Վերջինս Լուկաշենկոյից պահանջել էր մինչև հոկտեմբերի 26-ը հայտարարել հեռանալու մասին, վերջ դնել բռնությանը փողոցներում և ազատել քաղբանտարկյալներին: Հրաժարվելու դեպքում Տիխանովսկայան սպառնացել է զանգվածային ցույցեր, գործադուլներ կազմակերպել և արգելափակել փողոցների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթող էր ճանաչվել Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները