Գործազրկությունը եվրագոտում կազմել է 2,5 տարվա առավելագույն ցուցանիշ՝ 8,3 տոկոս

23:18   30 Հոկտեմբեր 2020    324

Եվրագոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է 2018 թվականի ապրիլից ի վեր:

Այդ մասին վկայում են Եվրոպական միության վիճակագրական վարչության տվյալները: Վերլուծաբանները միջին հաշվով նույնպես կանխատեսել էին սեպտեմբերյան գործազրկությունը 8,3 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել է Trading Economics-ը:

Վերանայված տվյալների համաձայն, օգոստոսին գործազրկությունը կազմել է 8,3 տոկոս, այլ ոչ թե 8,1 տոկոս, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: 2019 թվականի սեպտեմբերին գործազրկությունը եվրոգոտում գտնվում էր 7,5 տոկոսի մակարդակի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործազուրկների թվաքանակը եվրոգոտում անցյալ ամսին ավելացել է 75 հազարով՝ հասնելով 13,612 միլիոն մարդու: Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ նրանց թվաքանակն աճել է 1,376 միլիոնով: Իսպանիայում գործազրկությունը սեպտեմբերին կազմել է 16,5 տոկոս, Իտալիայում՝ 9,6 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,9 տոկոս, Գերմանիայում՝ 4,5 տոկոս:

Գործազրկությունը երիտասարդության շրջանում (մինչև 25 տարեկան) եվրոգոտում նվազել է մինչև 17,6 տոկոս՝ օգոստոսի 18,3 տոկոսից: Եվրամիությունում գործազրկությունը սեպտեմբերին մնացել է 7,5 տոկոսի մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ գործազրկությունը երիտասարդության շրջանում օգոստոսի 17,8 տոկոսից կրճատվել է մինչև 17,1 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գործազրկություն  


Վերնագիրի այլ պիտակները