ԱՄՆ կոնգրեսականը Մերձավոր Արեւելքում ռազմամթերքի մատակարարումը սահմանափակելու մասին օրինագիծ է ներկայացրել

08:57   31 Հոկտեմբեր 2020    306

Ուրբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը (Նյու Յորք նահանգի դեմոկրատ) ներկայացրել է օրինագիծ, որի շրջանակում սահմանափակվում է մերձարեւելյան երկրներում, բացառությամբ Իսրայելի, ռազմամթերքի արտահանումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ նախաձեռնության ներկայացումը կապված է ԱՄԷ-ին թվով 50 հինգերորդ սերնդի F-35 կործանիչ վաճառելու ԱՄՆ-ի մտադրության հետ: Օրենսդրի կարծիքով՝ կա տարածաշրջանում այդպիսի տեխնոլոգիաների տարածման ռիսկ, ինչը կարող է անդրադառնալ Իսրայելի անվտանգությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թրամփի վարչակազմը հստակ հասկացրել է, որ կմատակարարի մահացու զենքը գրեթե բոլորին՝ չնայած մարդկանց մահվան սպառնալիքին,-ասվում է Էնգելի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:-Կոնգրեսը պետք է որոշի նոր գործընկերներին F-35-ը եւ մյուս առաջադեմ համակարգերը վաճառելու թույլտվության հետեւանքները: Մենք պետք է տեղեկացված լինենք, որ այդ ռազմամթերքը պետք է օգտագործվի պատշաճ կերպով անվտանգության ոլորտում մեր շահերի համաձայն՝ ներառյալ տարածաշրջանում Իսրայելի որակյալ ռազմական առավելության պաշտպանությունն ու երաշխիքները, որ հակառակորդներին հասանելի չեն դառնա ամերիկյան տեխնոլոգիաները»:

Կոնգրեսականն առաջարկել է մի շարք չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն երկրներն ԱՄՆ-ի հետ զենքի գործարքներ կնքելու համար: Մասնավորապես, պետությունը պեքտ է ունենա խաղաղ համաձայնագիր կամ պայմանավորվածություն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, տրամադրվող ռազմամթերքը պետք է մոդիֆիկացված լինի այնկերպ, որ թույլ տա Իսրայելին նույնականացնել եւ հետեւել այդ տեխնիկային: Առաջարկվում է, որ ստացող երկիրը երաշխավորի գողությունից կամ այդ տեխնոլոգիաները երրորդ երկրին վերաուղղորդելուց պաշտպանությունը, ինչպես նաեւ խորհրդակցի ԱՄՆ-ի հետ ռազմամթերքն օգտագործելու ծրագրերի եւ նպատակների մասին: Ընդ որում՝ չպետք է խախտվեն միջազգային հումանիտար իրավունքն ու միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները:

F-35 բազմաֆունկցիոնալ մարտական մեքենա է, որը ծրագրավորված է նկատելիությունը փոքրացնելու տեխնոլոգիայի կիրառմամբ եւ ունակ է կրել միջուկային զենք: ԱՄՆ-ի հետ մեկտեղ դա ստեղծելու ծրագրում մինչեւ վերջերս մասնակցել է եւս ութ երկիր՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Սակայն անցած տարի Վաշինգտոնը որոշում էր կայացրել հեռացնել Թուրքիային ծրագրի մասնակիցների ցանկից, քանի որ վերջինս Ռուսաստանից ձեռք էր բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: F-35 ինքնաթիռներ են ձեռքբերում նաեւ Իսրայելն ու Ճապոնիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մերձավոր-Արեւելք  


Վերնագիրի այլ պիտակները