Վրաստանում ոստիկանները 5 մարդու են ձերբակալել ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո

21:53   31 Հոկտեմբեր 2020    411

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները մայրաքաղաքի Գլդանի շրջանի №79 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 5 մարդու են ձերբակալել:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժնի տնօրենին:

Վերջինս հայտնել է, որ ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են ընտրատեղամասերի մոտակայքում: «Այդ ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել՝ դիմակայություն կողմերի միջև: Ներկա պահին հինգ մարդու ենք ձերբակալել: Նրանք ձերբակալվել են վարչական կարգով՝ ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության կողմնակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի: Ոստիկանությանը հաջողվել է բաժանել կռվողներին:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: 150 պատգամավորական տեղի համար պայքարին միացել են 48 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք:

Մասնակցության հայտը ընտրություններում քվեարկության ավարտից երեք ժամ առաջ կազմել է 45.77 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները