Ինքնասպան է եղել 9 ավստրալացի զինվոր

14:39   23 Նոյեմբեր 2020    225

Ավստրալիայի 9 զինծառայողներ վերջին երեք շաբաթում ինքնասպան են եղել Աֆղանստանում ավստրալացի զինվորների կատարած ռազմական հանցագործությունների մասին զեկույցի հրապարակման ֆոնին, հայտնում է «Daily Mail»-ը։

Անցյալ շաբաթ զեկույցը հրապարակել է Ավստրալիայի ԶՈՒ հրամանատար Անգուս Քեմփբելը։ Փաստաթղթում 39 սպանությունների ապացույցներ կան, որոնք 2005-2016 թվականներին Աֆղանստանում կատարել են ավստրալացի հատուկջոկատայինները։ Զոհերի թվում են ինչպես տեղացի զինվորներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Այդքան կարճ ժամանակահատվածում ինքնասպանությունների նման թիվը՝ 8 տղամարդ եւ մեկ կին, աննախադեպ է ավստրալական բանակի պատմության մեջ, նշում է պարբերականը։

Առայժմ վկայություններ չկան, որ կյանքից հեռացած զինվորականները Աֆղանստանում հանցագործություններին հանցակցել են։ Մասնագետները, սակայն, չեն բացառում, որ ինքնասպանությունները կարող էին հրահրված լինել քննությամբ։ «Կարծում եմ, որ լրատվամիջոցներում որոշ տեղեկությունները բոլորին մեկ գույնով էին պատկերում, եւ մարդիկ մոռացել են անմեղության կանխավարկածի մասին․ այս ամենը սթրես է առաջացրել»,- Advertiser պարբերականին ասել է հոգեկան առողջության հարցերով խորհրդատու Նիլ Ուոլասը։

Հաղորդվում էր, որ զեկույցի մասին տեղեկատվությունը հիմնված էր ավելի քան 400 վկաների ցուցմունքների վրա։ Դրանից բացի, փորձագետներն ուսումնասիրել են նշված ժամանակահատվածի ավելի քան 20 հազար փաստաթղթեր եւ 25 հազարից ավելի լուսանկարներ։ Ներկայացված զեկույցում հրամանատարը նշել է Աֆղանստանում զոհերի ընտանիքներին փոխհատուցման վճարման անհրաժեշտության մասին։ Նա հանձնարարել է լրացուցիչ քրեական քննություն անցկացնել ընդհանուր առմամբ 36 միջադեպով, որոնք կապ ունեն սպանությունների եւ չարդարացված դաժանության դեպքերի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները