Սպիտակ տունը նախատեսում է տոնական ընդունելություն անցկացնել՝ չնայած կորոնավիրուսին

08:27   24 Նոյեմբեր 2020    234

Սպիտակ տունը նախատեսում է հաջորդ շաբաթ տոնական ընդունելություն անցկացնել՝ չնայած համալիրի տարածքում COVID-19-ի շարունակվող բռնկումներին եւ ի հեճուկս փորձագետների խորհրդատվությունների, որոնք ամերիկացիներին կոչ են անում հրաժարվել Գոհաբանության տոնի կապակցությամբ ընտանեկան ավանդական հավաքույթներից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Առաջին տիկին Մելանյա Թրամփը նոյեմբերի 30-ին «տոնական ընդունելություն» է կազմակերպում Սպիտակ տանը, որի մասին հայտնի է դարձել ABC News-ի ստացած հրավերից: Սպիտակ տան պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել այս հանգամանքը:

ԱՄՆ իշխանությունները ամերիկացիներին կոչ են անում Գոհաբանության օրը մեծ խմբերով չհավաքվել, մնալ տանը եւ հրաժարվել հարազատներին այցելելուց` կորոնավիրուսի տարածումը զսպելու եւ բնակչության խոցելի խմբերին պաշտպանելու համար: Անցած հանգստյան օրերին երկրում դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը:

Ինչպես հայտնում են Սպիտակ տանը, նախագահն ու նրա կինը տոները կանցկացնեն Վաշինգտոնում եւ չեն մեկնի Ֆլորիդա նահանգի իրենց հանգստավայրը, բայց ընդունելությունը տեղի կունենա Գոհաբանության օրից ընդամենը երեք օր անց:

Վերջին ամիսներին Սպիտակ տանը միջոցառումներից հետո բազմիցս տեղի են ունեցել վարակի բռնկումներ: Մի քանի օր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել վարչակազմի օգնականներից մեկի եւ եւս չորս մարդու մոտ:

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ այս տոնական երեկույթները կարող են վարակման հիմնական օջախներ լինել»,- ABC News-ի եթերում ասել է ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկ Ջերոմ Ադամսը՝ կոչ անելով տոնակատարություններն անցկացնել բաց երկնքի տակ եւ սահմանափակ թվով մասնակիցներով։ Նա նաեւ հիշեցրել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների խորհուրդները։

«Այս խորհուրդները վերաբերում են ե՛ւ Սպիտակ տանը, ե՛ւ Ամերիկայի բոլոր քաղաքացիներին»,- ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները