Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լորդ Դեյվիդ Թրիմբլն այսօր [2020 թվականի նոյեմբերի 24-ին] վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամեդ բին Զայիդին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել»,- ասված է հայտարարության մեջ: «Նոբելյան մրցանակի կոմիտեի կանոնների համաձայն` քանի որ լորդ Թրիմբլը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, վարչապետ Նեթանյահուին առաջադրելու նրա որոշումը կհանգեցնի այս հարցի քննարկմանն այդ կոմիտեի կողմից»,- հայտնել են գրասենյակում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
2020 թվականի օգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ իր հետ հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը եւ Աբու Դաբիի թագաժառանգը համաձայնել են կարգավորել հարաբերությունները հրեական պետության եւ ԱՄԷ-ի միջեւ: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը ստորագրեց ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ խաղաղության մասին փաստաթղթերը, ինչը Նեթանյահուն այդ ժամանակ «պատմության շրջադարձային պահ» անվանեց, որն «արդյունքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը»:
Իսրայելի եռակողմ գործարքն ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը` ի հիշատակ բիբլիական կերպարի, որը հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի բոլոր հետեւորդների հոգեւոր նախնին է համարվում: Պաղեստինը կտրականապես դեմ արտահայտվեց այս համաձայնագրերին: Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարեց, որ Սուդանը եւ Իսրայելը պայմանավորվել են կարգավորել հարաբերություններն Աբրահամյան համաձայնագրերի շրջանակներում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նեթանյահու