Իտալիան Եվրոպական կենտրոնական բանկին խնդրել է ներել կորոնավիրուսի ընթացքում կուտակված պետպարտքը

15:39   26 Նոյեմբեր 2020    237

Իտալիայի իշխանությունները Եվրոպական կենտրոնական բանկին խնդրել են ներել կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրի կուտակած պետական պարտքը, գրում է «Bloomberg»-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նման նախաձեռնությամբ Եվրոպական կենտրոնական բանկ է դիմել Իտալիայի արտգործնախարարի տեղակալ Ռիկարդո Ֆրակկարոն: Նրա խոսքով՝ ԵԿԲ-ի գումարավարկային քաղաքականությունը կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային ճգնաժամի ընթացքում պետք է տնտեսության խթանմանն ուղղված լինի:

Նշվում է, որ հարցի լուծում կարող է լինել կարգավորողի կողմից գնված պետական պարտատոմսերի չեղարկումը կամ դրանց մարման ժամկետի բազմակի երկարացումը:

Գարնանը ԵԿԲ-ն սկսել է 735 միլիարդ եվրո բյուջեով լայնածավալ մի ծրագիր, որի շրջանակներում երկրորդային շուկայում (հիմնականում բանկերից) գնում է պետական, կորպորատիվ և հիպոթեկային պարտատոմսեր` դրանով իսկ բանկային հատվածի լրացուցիչ իրացվելիություն ապահովում: Հունիսին ծրագրի բուջեն ընդլայնվել է՝ կազմելով 1,35 տրիլիոն եվրո:

Նշվում է, որ Իտալիան համավարակից ամենաշատ տուժած երկրների ցուցակում է հայտնվել, սակայն ԵԿԲ-ի ղեկավարությունը դժվար թե ընդառաջի Ֆրակկարոյի առաջարկին. բանկից բազմիցս հայտարարել են, որ չեն կարող նման քայլի գնալ, քանի որ դա հակասում է ԵԿԲ-ի՝ անդամ-երկրների բյուջեներն ուղղակի ֆինանսավորելու մասին օրենքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները