Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ լքել է նստավայրը

17:48   26 Նոյեմբեր 2020    241

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, առաջին անգամ երկու շաբաթվա ընթացքում լքել է Դաունինգ սթրիթի իր նստավայրը, որտեղ ինքնամեկուսացել էր կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, հինգշաբթի առավոտյան վարչապետը գնացել է առավոտյան վազքի։

Երեկոյան Ջոնսոնը մտադիր է հանդես գալ կոչով՝ հորդորելով բրիտանացիներին հետևել տեղային սահմանափակումներին, որոնցով դեկտեմբերի 2-ին կփոխարինվի նոյեմբերի 5-ից գործող համազգային կարանտինը։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացել էր ամսվա կեսին պատգամավոր Լի Անդերսոնի հետ հանդիպումից հետո, որի մոտ ավելի ուշ COVID-19 էր հայտնաբերվել։ Ջոնսոնի թեստի պատասխանը բացասական էր, սակայն երկշաբաթյա կարանտինի անհրաժեշտությունից նրան չազատեց ոչ այս փաստը, ոչ էլ այն, որ այս տարվա ապրիլին նա արդեն հիվանդացել է COVID-19-ով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները