Սլովակիայում Covid-19-ի դեմ պատվաստումներն անվճար կլինեն

18:34   26 Նոյեմբեր 2020    307

Դեկտեմբերի երկրորդ կեսին Սլովակիային կարող է մատակարարվել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 300 000 չափաքանակ։

Այս մասին, ինչպես գրում է EADaily-ն, նոյեմբերի 25-ին հայտարարել է Սլովակիայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Զուզանա Էլիշարովան։

Նրա խոսքով՝ պատվաստումները երկրում լինելու են կամավոր և անվճար։ Միևնույն ժամանակ Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին հայտարարել է, որ գերատեսչության գլխավոր նպատակն այժմ բավարար քանակությամբ դեղամիջոցների ապահովումն է և բնակչությանը պատվաստման առավելությունների մասին տեղեկացնելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդ որում՝ նա նաև ընդգծել է, որ պատվաստանյութն անմիջապես բոլորին հասանելի չի լինի, քանի որ դրա արտադրությունը ժամանակատար է, ուստի պատվաստումներն աստիճանաբար են արվելու։

Առաջին հերթին պատվաստվելու են բուժաշխատողները, ոստիկանները, հրշեջները, գերկարևոր ենթակառուցվածքային հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը չափազանց ծանր ընթացք է ունեցել։

Սլովակիայում Covid-19-ի հիվանդացության բավական բարդ իրավիճակ է։ Իշխանություններն արդեն անցկացրել են համընդհանուր թեստավորում և մտադիր են կրկին թեստավորել բնակիչներին։ Միևնույն ժամանակ Բրատիսլավան համաձայնել է, որ երկիրը մասնակցի Պոլիօքսիդոնիում դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգող միջազգային բազմակենտրոն պլացեբո վերահսկվող կլինիկական հետազոտություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները