Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին

20:51   26 Նոյեմբեր 2020    204

Գերմանիայի բնակիչները պետք է տրամադրվեն, որ սահմանափակող միջոցառումներն ուժի մեջ կմնան առնվազն մինչեւ հունվար, եւ զգալի մեղմացումներ առաջիկայում չեն նախատեսվում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` կառավարական հայտարարությամբ հանդես գալով բունդեսթագի առջեւ: Մասնակի լոքդաունը չի չեղարկվի առնվազն մինչեւ հունվարի սկիզբ, թերեւս` երկրի մեծ մասում, պարզաբանել է կանցլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քանի որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի օրական աճի տեմպը չի նվազում, սահմանափակումների թուլացումն անհնար է, պարզաբանել է Մերկելը: «Մեր նպատակը եղել եւ մնում է վարակվածների թվի կրճատումը, որպեսզի առողջապահական գերատեսչությունները կարողանան հետեւել եւ կտրել վարակման շղթան»,- շարունակել է կանցլերը` պարզաբանելով, որ խոսքը 7 օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով ոչ ավելի, քան 50 վարակման դեպքի ցուցանիշի մասին է:

Նա նաեւ հիշեցրել է, որ տոների կապակցությամբ դեկտեմբերի 23-ից հունվարի 1-ը երկրում կթույլատրվեն ընդհանուր մինչեւ 10 հոգանոց հավաքները` 14 տարեկանից ցածր երեխաներից բացի, սակայն միեւնույն ժամանակ հորդորել է քաղաքացիներին կրճատել սոցիալական շփումները: Դա հարկ է անել դեկտեմբերի 24-ին կաթոլիկ Ծննդյան տոնին տարեց հարազատների հետ հանդիպումներից առնվազն մեկ շաբաթ առաջ, որպեսզի տոնն «անվտանգ» լինի, նշել է կառավարության ղեկավարը: Ըստ նրա` «մեզ կրկին, անկասկած, դժվար ամիսներ են սպասվում»:

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 268 նոր դեպք: Սա 3600-ով ավել է նախորդ օրվա համեմատ: Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր ավելի քան 983 588 բնակիչ է վարակվել SARS-CoV-2 վիրուսով, վարակի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 15 160 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները