Թրամփը Սպիտակ տունը կլքի, եթե ընտրիչները քվեարկեն Բայդենի օգտին

11:07   27 Նոյեմբեր 2020    217

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի լրագրողներին ասել է, թե Սպիտակ տունը կլքի, եթե ընտրիչների կոլեգիան քվեարկի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին։

Տեսաուղերձը եթեր են թողարկել ամերիկյան առաջատար հեռուստաալիքները։

«Անչափ դժվար բան է զիջելը, քանի որ մենք գիտենք, որ զանգվածային խարդախություն է եղել։ Ժամանակը մեր կողմում է, ամեն ինչ մեր կողմում է, փաստերը,- ասել է ԱՄՆ նախագահը։ - Զանգվածային խարդախություն է եղել, մեր երկրում այդպիսի բան չպետք է տեղի ունենար, մենք ասես երրորդ աշխարհի երկիր ենք։ Մենք մեքենաներ ունենք [ձայների մշակման համար], բայց ոչ ոք չգիտի, թե դրանք ինչպես են հաշվում»։

«Եթե նրանք [ընտրիչները] անեն դա [քվեարկեն Բայդենի օգտին], ապա սխալ կկատարեն, քանի որ այս ընտրությունները խարդախություն էին։ Այո, ես [այդ դեպքում կգնամ], եւ դուք դա գիտեք։ Սակայն մինչեւ հունվարի 20-ը կարող է տեղի ունենալ շատ բան, հայտնաբերվել է զանգվածային խարդախություն։ Մենք ասես երրորդ աշխարհի երկիր լինենք»։ «Մենք համակարգչային տեխնիկա ենք օգտագործում, որը կարելի է կոտրել։ Որքան խափանումներ են եղել,- շարունակել է նա։ - Խափանումներ այն բանում, որ մենք նրանց [դեմոկրատներին] բռնել ենք [ձայները] գողանալիս, կեղծումներում։ Նայեք համացանցը, թե ինչպես են մարդիկ փորձարկումներ կատարել այդ անիմաստ մեքենաներով»։

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ինքը ոչ մի կերպ չէր կարող պարտվել Արիզոնա եւ Փենսիլվանիա նահանգներում։

2024 թվականի ընտրարշավին մասնակցելու հեռանկարներին առնչվող հարցին պետության ղեկավարը պատասխանել է․ «Ես չեմ ցանկանում խոսել 2024 թվականի մասին, քանի որ այն այնքան հեռու է։ Դա երկար ճանապարհ է»։ «Դուք կարող եք հայտնաբերել զանգվածային խարդախությունը, հարյուր հազարավոր ձայներ։ Բայդենը ոչ մի կերպ չէր կարող ստանալ 80 մլն ձայն»,- հավելել է նա։ «Ամբողջ աշխարհը նայում եւ ծիծաղում է մեր ընտրական գործընթացի վրա։ Սա անչափ տխրեցնող է»,- կարծում է նա։

Թղթակիցներից մեկին, որը համառորեն փորձում էր նախագահին հարցնել Սպիտակ տանից հեռանալու մասին, Թրամփն ասել է․ «Ես ԱՄՆ նախագահն եմ, ինձ հետ նման կերպ չխոսեք»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները