ԵՄ մի քանի երկրները Ծննդյան տոների ժամանակահատվածում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցառումները կթուլացնեն

11:39   28 Նոյեմբեր 2020    311

Եվրամիության միանգամից մի քանի երկրներ որոշում են ընդունել իրենց տարածքներում գործող կարանտինային միջոցառումները թուլացնելու մասին։

Այսպես, ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, Իտալիայի կառավարությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ից կորոնավիրուսի տարածումից առանձնապես տուժած 3 «կարմիր գոտիները» (zona rossa)՝ Լոմբարդիան, Պյեմոնտը եւ Կալաբրիան, վերաորակավորվելու են «նարնջագույնի», ինչը համապատասխանում է համաճարակաբանական վտանգի ավելի ցածր մակարդակի։ Կարանտինային միջոցառումների թուլացման մասին են հայտնել նաեւ Բելգիան, Իռլանդիան եւ Գերմանիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իտալիայում Լոմբարդիայի, Պյեմոնտի եւ Կալաբրիայի բնակիչները կրկին կկարողանան 5.00-ից մինչեւ 22.00 ազատ տեղաշարժվել իրենց համայնքի տարածքում։ Դրանից բացի, նրանց կթույլատրվի ուղեւորություններ կատարել մարզի սահմաններից դուրս՝ աշխատանքի հասնելու, բժշկի հաճախելու կամ երեխաներին դպրոց տանելու համար։ Առեւտրի կենտրոններին թույլ կտան վերսկսել աշխատանքը, սակայն բարերը, ռեստորանները եւ բուլկեղենի խանութները փակ կմնան։

Ընդ որում՝ կշարունակեն «կարմիր գոտի» մնալ Վալե-դ՛Աոստա մարզը, Տրոնտինո-Ալտո-Ադիջ մարզում Բոլցանո քաղաքը, ինչպես նաեւ Տոսկանա, Աբրուցի եւ Կամպանիա նահանգները։ Այս շրջաններում մարդկանց թույլ կտան իրենց տներից հեռանալ միայն որոշակի պայմաններում։

Իռլանդիայի կառավարությունը նույնպես որոշել է Ծննդյան տոների ժամանակահատվածում սահմանափակումները թուլացնել մի շարք հաստատությունների եւ ձեռնարկությունների համար։ Այսպես, հիգիենայի կանոններին հետեւելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու պարագայում դեկտեմբերի 1-ից թույլ կտան բացել խանութները, թանգարանները, պատկերասրահները եւ գրադարանները։ Իսկ դեկտեմբերի 4-ից կարող են աշխատանքը կրկին սկսել ռեստորաններն ու բարերը, որոնք առաջարկում են ոչ միայն ըմպելիքներ, այլեւ սնունդ։

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նշել է, որ կարանտինային միջոցառումների թուլացումը կմտցվի այնպիսի ծավալով, «որը թույլ կտա հավասարակշռություն պահպանել առողջապահության ու տնտեսության եւ սոցիալական ուղղությունների շահերի միջեւ»։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն նույնպես խոստացել է Ծննդյան տոների ժամանակահատվածում խանութները բացել։ «Մեր երկրում իրավիճակը բարելավվում է,- ասել է նա հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս։ - Այդուհանդերձ, կարեւոր է այս կուրսը շարունակելը»։ Սա կոնկրետ նշանակում է Բելգիայում մասնակի լոքդաունի ռեժիմի պահպանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները