Վրաստանը սկսում է սուբսիդավորման ծրագիր` կանխելու հացի գնի բարձրացումը

14:07   28 Նոյեմբեր 2020    221

Սևծովյան տարածաշրջանում ցորենի գնի բարձրացման պատճառով ստեղծվել են առաջին կարգի ալյուրի և, համապատասխանաբար, հացի գնի բարձրացման նախադրյալներ: Վրաստանի «Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան» գների անխուսափելի աճը բացատրել է համաշխարհային շուկայում հացահատիկի պահանջարկի մեծացմամբ, ինչպես նաև վրացական ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ:

Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի ալյուրի գները, որպեսզի երկրում հացը չթանկանա: Այս մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

«Մենք խոսում ենք առաջին կարգի ցորենի ալյուրը սուբսիդավորելու մասին`գները ցածր պահելու համար, որպեսզի խուսափենք հացի գնի բարձրացումից: Ծրագիրը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Ուստի ես ցանկանում եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ հացի գինը չի բարձրանա», – ասել է Դավիթաշվիլին:

Ծրագիրը նախատեսված է չորս ամսվա համար` մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Ծրագրի ամսական բյուջեն կկազմի 2-ից 2,5 միլիոն լարի (ավելի քան 755 հազար դոլար): Ըստ այդմ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն լարի (ավելի քան 3 միլիոն դոլար):

Գործարանները կունենան ֆիքսված գին՝ 50 կիլոգրամանոց ալյուրի պարկի համար` 53 լարի (16,2 դոլար): Սուբսիդիայի չափը կկազմի մինչև 10 լարի՝ մեկ պարկ ալյուրի համար:

2021 թվականի ապրիլին Վրաստանի կառավարությունը կգնահատի իրավիճակը միջազգային շուկայում և կորոշի՝ երկարաձգե՞լ սուբսիդիայի ծրագիրը, թե՞ ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները