Ռուսաստանը քննարկում է նոր ուղեծրային կայանի կառուցման հավանականությունը

15:02   28 Նոյեմբեր 2020    226

«Էներգիա» հրթիռատիեզերական կազմակերպությունը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի խորհրդի քննարկմանն է հանձնել ռուսական ուղեծրային սպասարկման նոր կայանի նկարագրությամբ նյութերը։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագծով նախատեսված է, որ ուղեծրային համալիրը տեղակայվելու է 400 կմ բարձրության վրա ՝ 72 կամ 98 աստիճան թեքությամբ։ Թեքության աստիճանի երկրորդ տարբերակն առաջին անգամ է ներկայացվում։ Եթե 72 աստիճան թեքության դեպքում հնարավոր է լինում դիտարկել Երկրի մակերեսը մասամբ, ապա 98 աստիճան թեքությունը թույլ կտա Երկրի մակերեսի ամբողջական հետազոտություն անցկացնել։

Այնուամենայնիվ կայանն առաջնահերթ նախատեսված է լինելու Արկտիկայի և հյուսիսային ծովային ուղու դիտարկման համար։ Նշվում է, որ նման համալիրի ստեղծման նախագիծը եզակի է, սակայն կառուցվածքային տեսանկյունից կայանը շատ ընդհանրություններ է ունենալու ռուսական «Միր» կայանի հետ։

Բացի այդ, հաղորդվում է նաև, որ ուղեծրային նոր օբյեկտը բաղկացած է լինելու հինգ մոդուլից՝ հիմնական մոդուլից, նպատակային արտադրողական մոդուլից, պահեստից, բազմաֆունկցիոնալ մոդուլ-հարթակից, ինչպես նաև առևտրային մոդուլից, որը նախատեսված է զբոսաշրջիկների տեղակայման համար։

Նախատեսվում է մոդուլներն ուղեծիր դուրս բերել Պլեսեցկ կամ Վոստոչնի տիեզերակայաններից` «Անգարա-А5» հրթիռակրի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները