Ռդ-ում համավարակի սկզբից կորոնավիրուսային սահմանափակումներին չհետեւելու պատճառով տուգանվել է ավելի քան 1 մլն մարդ

15:56   28 Նոյեմբեր 2020    201

Ռուսաստանում ոստիկանության աշխատակիցները համավարակի սկզբից ավելի քան 1,1 մլն մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել սահմանափակումների խախտումների պատճառով, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման հետեւանքով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։ ՆԳՆ-ն այս վիճակագրական տվյալներն առաջին անգամ է հրապարակել։

«Ներքին գործերի մարմինների աշխատակիցների կողմից վարչական իրավախախտումների մասին ավելի քան 1,1 մլն արձանագրություններ են կազմվել մեծ պատրաստականության, կարանտինի, ինքնամեկուսացման հաստատված ռեժիմներին չհետեւելու փաստերով»,- ասել են ՆԳՆ-ից՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցմանը։ Ռուսաստանցիների գերակշիռ մեծամասնությունը (976,9 հազար) պատասխանատվության է ենթարկվել ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.6.1 հոդվածով («Արտակարգ իրավիճակի կամ դրա առաջացման սպառնալիքի դեպքում վարքագծի կանոնները չկատարելը»), որով նախատեսված է նվազագույնը հազար ռուբլի տուգանք։

Երկրորդ տեղում է Մոսկվայի ՎԻ օրենսգրքի 3.18.1 հոդվածը («Մոսկվայի նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը՝ ուղղված Մոսկվա քաղաքի տարածքում մեծ պատրաստականության ռեժիմի սահմանմանն ու ապահովմանը»), որով կազմվել է 109,2 հազար արձանագրություն։

Ռուսաստանցիները զգալիորեն հազվադեպ են պատասխանատվության ենթարկվել ՌԴ ՎԻ օրենսգրքի 6.3 հոդվածով («Բնակչության սանիտարահամաճարակաբանական բարենպաստության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումը»), որով կազմվել է 21,5 հազար արձանագրություն։ Այս հոդվածով նվազագույն տուգանքը կազմում է 15 հազար ռուբլի։ Այսպիսով, խախտումների պատճառով տուգանքների ընդհանուր գումարը կազմել է նվազագույնը 1,7 մլրդ ռուբլի։

Ռուսաստանի մարզերը ապրիլից ինքնուրույն են հաստատում կորոնավիրուսի պատճառով սահմանափակման միջոցառումները։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ինքնամեկուսացման, կարանտինի ռեժիմները խախտողներին, հիմա արձանագրությունները հիմնականում կազմվում են ձեռնոցա-դիմակային ռեժիմը խախտողների նկատմամբ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում համավարակի սկզբից գրանցվել է վարակման 2 215 533 դեպք, ապաքինվել է 1 712 174 մարդ, մահացել՝ 38 558-ը։ ՌԴ կառավարությունը երկրի իրավիճակի մասին տեղեկացնելու համար գործարկել է «ստոպկորոնավիրուս․ռդ» ռեսուրսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները