Մինսկի դպրոցներից մեկում ստաֆիլակոկի պատճառով երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

16:08   28 Նոյեմբեր 2020    182

Մինսկի №61 միջնակարգ դպրոցում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Բելառուսի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը, 174 աշակերտի թունավորման պատճառ է դարձել ստաֆիլակոկը։

Նշվում է, որ աշակերտների ինքնազգացողությունը վատթարացել է դպրոցի ճաշարանում ճաշելուց հետո։ Դպրոց է կանչվել շտապօգնության անձնակազմ, որն էլ տեղում բուժօգնություն է ցուցաբերել տուժածներին։ 18 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը կայուն է։ Երեխաների զանգվածային թունավորման դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

«Սանիտարահամաճարակբանական ծառայության եզրակացության համաձայն՝ հոսպիտալացված չորս աշակերտի մոտ հետազոտության արդյունքում ստաֆիլակոկ է հայտնաբերվել։ Հետազոտության համար վերցվել են նաև պատրաստված մթերքի, ինչպես նաև ճաշարանի աշխատակիցների ու աշակերտների կենսաբանական նյութերի նմուշներ։ Նույն հիվանդությունը հաստատվել է նաև ութ աշխատակցի մոտ, որոնցից վեցը միջադեպի օրն զբաղված էին «չիքն-ռոլլերի» պատրաստմամբ», - նշված է գերատեսչության թելեգրամյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարակմանը կարող էր նպաստել ճաշարանում արտադրության ներքին վերահսկողությանն ու սանիտարահամաճարակաբանական կանոններին չհետևելը, ինչպես նաև աշխատակիցների կողմից շնչառության օրգանների և ձեռքի անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջների հնարավոր խախտումը։

«Այս մասին է վկայում նրանց մոտ հայտնաբերված հարուցիչն ու դրա բացակայությունն այն հումքի վրա, որից պատրաստվել է մթերքը», - նշված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի առնչությամբ հարցաքննվել են ճաշարանի աշխատակիցներն ու դպրոցի ղեկավարությունը։ Նշվում է, որ այս պահի դրությամբ բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից և նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։ Քննիչներն ուսումնասիրում են բժշկական փաստաթղթերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները