Յուտայում հայտնաբերված խորհրդավոր մոնոլիտը անհետացել է

13:13   29 Նոյեմբեր 2020    218

ԱՄՆ Յուտա նահանգի լեռներում պատահաբար հայտնաբերված խորհրդավոր մետաղական մոնոլիտը հանկարծակի անհետացավ:

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այցելու Ռիկարդո Մարինոն ասաց, որ ուրբաթ երեկոյան գնացել է մոնոլիտի մի քանի լուսանկարներ անելու, բայց այն այլևս այնտեղ չէր: Նրա խոսքով՝ ճանապարհին հանդիպել է մի բեռնատարի՝ թափքին մեծ առարկա, որը շարժվում էր հակառակ ուղղությամբ։ Իսկ այն վայրում, որտեղ դրված էր մոնոլիտը, ըստ երևույթին, ինչ-որ մեկը միզել էր:

Հողերի կառավարման տեղական բյուրոն (BLM) նույնպես հաստատեց դա:

«Մենք բազմաթիվ հավաստի տվյալներ ենք ստացել այն մասին, որ ապօրինի տեղադրված կառույցը, որը կոչվել է մոնոլիտ, անհայտ անձինք տարածքից հանել են: BLM-ը չի արտահանել մասնավոր սեփականություն համարվող կառույցը:

Մենք մասնավոր սեփականության դեմ կատարված հանցագործությունները չենք հետաքննում: Դրանով զբաղվում է տարածքային շերիֆի գրասենյակը։ Մոնոլիտը միջազգային և ազգային ուշադրության է արժանացել, և մենք զեկուցումներ ենք ստացել այն մասին, որ նոյեմբերի 27-ի երեկոյան անհայտ անձը կամ խումբը մոնոլիտը տարել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մոնոլիտը Բյուրոյի անձնակազմը հայտնաբերել է նոյեմբերի 18-ին՝ ուղղաթիռով թռչելիս: Սկզբում տեղանքի կոորդինատները գաղտնի էին պահվում, բայց շուտով բացահայտվեց, և զբոսաշրջիկների ու հետաքրքրասերների բազմությունը հոսեց դեպի կառույցը:

Գրեթե չորս մետր բարձրությամբ եռանկյուն կառուցվածքը հայտնվել է 2015-2016 թվականներին. այն պատրաստված է չժանգոտվող պողպատի թիթեղներից և ամրացված է գամիչներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները