ԱՄՆ փորձագետները չեն կասկածում, որ Իրանում գիտնականի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը

12:34   01 Դեկտեմբեր 2020    263

Միացյալ Նահանգների փորձագիտական ​​համայնքը չի կասկածում, որ Իրանում միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, եւ հարցն այն է, թե որոնք էին դրդապատճառները:

Այսպիսի գնահատական է հնչեցվել «The Washington Post»-ի կայքում հրապարակված մի քանի հոդվածում:

«Ուրբաթ Իրանի գլխավոր միջուկային գիտնականի սպանությունից հետո հարցը, թե ով է իրականացրել այդ համարձակ հարձակումն օրը ցերեկով, փոխարինվել է հարցով, թե ինչու: Փորձագետները, հատուկ ուշադրություն չդարձնելով նրան, որ Իսրայելը հրաժարվում է մեկնաբանել սպանությունը, որը իսրայելական գաղտնի օպերացիաների նշաններն ուներ, սկսել են մտորել, թե ինչի էր ուզում հասնել վարչապետ Բենյամին Նեթանյահուն»,- նշվում է նյութերից մեկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը մի քանի հնարավոր բացատրություն է տալիս: Դրանցից մեկի համաձայն` Իսրայելը կարող է փորձել ռազմական պատասխան հրահրել Իրանի կողմից, ինչն իր հերթին ԱՄՆ-ի համար «Թեհրանի միջուկային ծրագրին հարված հասցնելու խթան կհանդիսանա», քանի դեռ իշխում է հանրապետական ​​Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը թշնամական է տրամադրված Իրանի իշխանությունների նկատմամբ: Մյուս վարկածի համաձայն` Իսրայելն օգտվել է առիթից վերացնելու իրանական միջուկային ծրագրի գլխավոր մարդուն` հուսալով, որ Իրանն ի պատասխան զսպվածություն կցուցաբերի եւ սրացում թույլ չի տա: Երրորդ բացատրությունը, որը մեջբերում է «The Washington Post»-ը, այն է, որ Իսրայելի իշխանությունները ձգտում են խարխլել պայմանները Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար, որը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում նոր վարչակազմի օրոք:

«The Washington Post»-ում մեկ այլ հոդվածում հեղինակը համոզմունքն է հայտնում, որ հարձակման հետեւում կանգնած է Իսրայելը: «Մենք չգիտենք, թե ով է կոնկրետ ուրբաթ օրը սպանել իրանցի հայտնի միջուկային գիտնականին: Սակայն փորձագետների շրջանում արդեն կոնսենսուս կա, որ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, եւ դա իմ գործընկերներին հաստատել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան»,- նշել է նա: «Թեհրանում նվաստացման եւ անհանգստության զգացումը կարող է բարդացնել լարվածությունը թուլացնելու Բայդենի ջանքերը»,- կարծիք է հայտնել հոդվածագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները