Բրազիլական քաղաքի վրա կողոպտիչների խմբավորում է հարձակվել

08:57   02 Դեկտեմբեր 2020    215

Լավ զինված մոտոհրաձգային խմբավորումը կեսգիշերից կարճ ժամանակ անց ներխուժել է Բրազիլիայի ատլանտյան ափին գտնվող Կրիսիումա քաղաք՝ կրակելով ուր պատահի եւ թալանելով բանկերի մասնաճյուղերը, հայտնում է BBC-ն:

Մոտ երկու ժամ անց քաղաքի ղեկավար Կլեսիո Սալվարոն Twitter-ում գրել է, որ վայրագությունները շարունակվում են, եւ խնդրել է համաքաղաքացիներին դուրս չգալ տներից, քանի դեռ Սանտա Կատարինա նահանգի ռազմական ոստիկանության շտապ կանչված ուժերը կարգուկանոն չեն հաստատել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քաղաքը շրջափակման մեջ է: Սա լայնամասշտաբ կողոպուտ է, հանցագործները շատ լավ պատրաստված են: Որպես Կրիսիումայի քաղաքապետ՝ ես կոչ եմ անում ձեզ հոգ տանել ինքներդ ձեր, ձեր հարազատների եւ մտերիմների մասին: Եկեք վստահենք Սանտա Կատարինայի ոստիկանությանը»,- ասել է նա:

Քաղաքում կրակոցներ եւ պայթյուններ են լսվել, հայտնում է New York Times-ը: Բրազիլական Globo լրատվական կայքը գրել է, որ հանցագործները ներխուժել են բանկերի մասնաճյուղեր եւ ջարդել բանկոմատները: Ոստիկանների տեղաշարժին խոչընդոտելու համար նրանք հրդեհներ են սարքել եւ փակել են փողոցները, մասնավորապես` արգելափակել են գլխավոր մայրուղով քաղաքի մուտքը:

Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանց հիմնական թիրախը պետական Banco do Brasil բանկի տեղական մասնաճյուղն է: Քաղաքապետը խոսել է քաղաքում «չորս կամ հինգ» կետերի մասին:

Ոստիկանության քաղաքային վարչությունը գնդակոծման է ենթարկվել:

Սոցիալական ցանցերում հայտնվել են գրոհողների տեսանյութերը՝ քաղաք մուտք գործող սեւ մեքենաների շարասյունը եւ բոլոր ուղղություններով կրակոցներ, եւ փողոցում թափված թղթադրամներ հավաքող անցորդներ: Դրա համար չորս հոգու կալանավորել են, նրանցից ընդհանուր առմամբ 800 000 ռեալ (մոտ 150 դոլար) են վերցրել։

Բրազիլական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վիրավորվել է երկու մարդ՝ բանկի պահակ եւ ոստիկան: Վեցը պատանդ են վերցվել, բայց հետո ազատ են արձակվել եւ իրենց լավ են զգում:

Հաղորդվում է, որ հանցագործները ոչ միայն ինքնաձիգներ, այլ նաեւ նռնականետեր են ունեցել:

Նահանգի պետական ռազմական ոստիկանության հրամանատար Քրիստիան Անդրադեն հարձակվողներին բնութագրել է որպես «երկարափող զենքով բանկերի կողոպուտի մեջ մասնագիտացած ավազակախումբ» եւ հաստատել է, որ տուժածներից մեկը իր ենթական է:

Ըստ ստացվող հաղորդագրությունների՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին գրոհողները 30-40 մեքենայով կազմակերպված լքել են Կրիսիուման եւ մայրուղով ուղեւորվել են դեպի Պորտո Ալագրի քաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները