«Իրանի միջուկային գիտությունն անմահ է, այն անհնար է ոչնչացնել»․ Իրանի կառավարության խոսնակ

12:29   02 Դեկտեմբեր 2020    153

Իրանի միջուկային գիտությունն անմահ է, այն անհնար է ոչնչացնել. այս մասին երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին՝ ընդգծելով, որ իրանցի ժողովուրդը հոգեբանական պատերազմի ծուղակում չի հայտնվել, գրում է «Tasnim News Agency»-ն։

Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռաբիին հայտարարել է, որ իրանցի ականավոր գիտնական Ֆախրիզադեի սպանությունը չի խաթարել թշնամուն դիմակայելու իրանցի ժողովրդի վճռականությունը:

«Ահաբեկիչներն, անկասկած, չեն կարող հասնել իրենց նպատակներին»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրի միջուկային և պաշտպանական տեխնոլագիաներն անհնար է ոչնչացնել։

Նրա խոսքով՝ իրանցիները ոչ միայն հոգեբանական ճնշման չեն ենթարկվել, այլև իրական թշնամիներից ազգային շահերը պաշտպանելու գործում ավելի զգոն ու համախմբված են դարձել։

«Ահաբեկիչները շատ լավ հասկանում են, որ չեն կարող արգելակել Իրանի գիտական առաջընթացը, չեն կարող խանգարել մեզ օգտվել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներից և արդյունավետ դեր խաղալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ուստի դիմեցին ահաբեկչական գործողության»,- նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները